Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ «Ոչ ատելությանը» խորհրդարանական ալյանսի հանդիպումը` «Նեո-ռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը» թեմայով, որի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձրաձայնեց մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության քաղաքականության դրսեւորումների հետ:
Ելույթն ամբողջությամբ` ստորեւ.
«Հարգելի գործընկերներ,
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին` գերազանց արված ու շատ կարեւոր աշխատանքի համար, քանի որ այսօր, 21-րդ դարում, երբ քաղաքական ծայրահեղականության դրսեւորումները նոր ձեւավորում են ստանում եւ դառնում ավելի ու ավելի ինտենսիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առավել քան երբեւէ, բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ռասիզմն ու այլատյացությունը: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ շարժով պայմանավորված, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, որն առաջ է բերում նոր սոցիալական եւ մշակութային մարտահրավերներ: Այս առումով, անհանդուրժողականությունն այսօր Եվրոպայի լրջագույն խնդիրներից մեկն է:
Հարավային Կովկասի տարածաշրջանը, ցավոք, ականատեսն է այսպիսի ռիսկերի:
Ինչպես արդարացիորեն նշում է զեկուցողը «Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը»: Մեր հարեւան ադրբեջանական իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հնչող Հայաստանին եւ հայերին ուղղված ատելության կոչերը եւ պատերազմական հռետորաբանությունը, մտահոգության լուրջ առիթ են , քանի որ այն հաճախ հանգեցնում է սահմանի վրա անմեղ կյանքերի կորստի:
Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում ողջ հայ ժողովրդին դիտարկում է որպես « թիվ մեկ թշնամի», եւ այն, ինչ ամբողջ աշխարհում համարվում է հանցագործություն , Ադրբեջանում գնահատվում է փառահեղ արարք, ինչպես եւ տեսանք Սաֆարովի դեպքում, ով ազատ էր արձակվել եւ հերոսի կոչում ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից` հայ զինվորին քնած վիճակում կացնահարելու համար: Բարձրաստիճան գեներալները, հնչեցնելով իրենց նախագահի խոսքերը, հայտարարում են, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի:
Տիկնայք եւ պարոնայք, սա վտանգավոր ուղի է, որն ազդում է ոչ միայն երկրի ներկայի, այլեւ ապագայի վրա:
Առավել ցավալի է, որ երկրում թշնամանքի եւ այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` Ադրբեջանի երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում: Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու երկու երկրների հասարակությունների միջեւ` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության են հանդիպում եւ դաժանորեն ճնշվում:
Ադրբեջանի շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ ատելություն սերմանող սադրիչ հայտարարությունները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, եւ որոշ չափով վնասում են կազմակերպության հեղինակությանը:
Միջազգային կազմակերպությունները տալիս են իրենց համապատասխան գնահատականները Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին:
Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության Եվրոպական Հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությանը առնչվող պաշտոնական եւ լրատվամիջոցների մշտական բացասական երկխոսությանը», եւ խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին` «պատշաճ կեցվածք ընդունել` հայերի դեմ խտրականության եւ ատելության բոլոր դեպքերում»:
Հարգելի գործընկերներ,
Երբեմն թվում է, որ մենք գիտակցաբար խուսափում ենք առերեսվել իրականությանը, փակում ենք մեր աչքերը այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ԵԽ անդամ այս պետության մեջ: Հաճախ Վեհաժողովը զբաղվում է խնդիրներով, որոնք դուրս են մեր իրավասություններից, բայց սա հենց այն հարցն է, որին մեր Վեհաժողովը պետք է անդրադառնա եւ համապատասխան իրավական գնահատական տա:
Ինչպես շեշտվեց զեկուցողի կողմից` «Ազգային իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն լինեն: Ռասիզմի, անհանդուրժողականության եւ այլատյացության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար»:
Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ժողովուրդների միասնության ամրապնդումը եւ նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը:
Մենք պետք է վճռական լինենք արմատախիլ անելու նման դրսեւորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալուն»:





























