Liberty News ռադիոկայանի թոք-շոուի ընթացքում Հոլիվուդի դերասան Մել Գիբսոնի հայրը՝ Հաթթոնը, ով իր տղայի նման համոզված կաթոլիկ է, հայհոյել է Վատիկանին եւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ին արվամոլ է անվանել:
Հաղորդման ընթացքում Գիբսոն-ավագը տարակուսանք է հայտնել, որ Կաթոլիկ եկեղեցին զբաղվում է հոմոսեքսուալիզմի հարցերով: Նա պապական գրասենյակի աշխատակիցներին «ապուշներ», իսկ Հռոմի պապին «լպրծուն տիպ, արվամոլ եւ ֆրանկմասոն» է անվանել: Հաղորդում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով TMZ.com կայքը:
Պարբերականը հայտնում է, որ ավելի վաղ Political Cesspool շոուն արդեն ենթարկվել է կտրուկ քննադատության՝ ռասիստական, նացիստական եւ հակասեմական արտահայտությունների համար:
Ընդ որում, սա Գիբսոն ընտանիքի հետ կապված առաջին սկանդալը չէ: 2003թ. Հաթթոնը հարցազրույց էր տվել, որտեղ հորինվածք էր անվանել Հոլոքոսթը, նաեւ պնդել, որ «Ալ-Քաիդան» որեւէ կապ չունի երկվորյակ-երկնաքերների պայթեցման հետ:




























