Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու խանութին հուլիսի 7-ին մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանի կողմից քարով հարվածելու դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացությունից հետո պարզ կլինի գործի ընթացքը:

«Զարզանդ Նիկողոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, կատարվում է հետաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 7-ին ժամը 04.00-ին շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանին, որը քարով հարվածել եւ կոտրել է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը: Պարզվել է, որ խանութը պատկանում է Գերասիմ Աթաջանյանին, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդին է: