Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին համարձակ հայտարարությունը փոխեց ամբողջ աշխարհի վերաբերմունքը: Այս մասին Հռոմում տված հարցազրույցում հայտարարել է Արեւելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել Ֆրանսուա Մինասյանը:

Ըստ «Independent Catholic News»-ի, արքեպիսկոպոսը ողջունել է Հռոմի Պապի կողմից հայերի զանգվածային սպանդի ճանաչումը: «Մենք վստահ էինք, որ Պապը կհիշի Ցեղասպանության մասին, եւ նրա համարձակությունը փոխեց աշխարհի վերաբերմունքը»,- ընդգծեց Մինասյանը:

Արեւելյան Եվրոպայի կաթոլիկների առաջնորդը նաեւ նշել է, որ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ պատճառված տառապանքներն անդրադարձել են հետագա սերունդների վրա: Ռաֆայել Ֆրանսուա Մինասյանը նշել է, որ նույնիսկ այն հայերը, որոնք 1915 թվականի կոտորածների անմիջական ականատեսները չեն եղել, մինչեւ հիմա տառապում են դրանց հետեւանքներից: