Թուրքիայի դատավորների եւ դատախազների Գերագույն խորհուրդը ապօրինի գաղտնալսումների պատճառով պաշտոնից ազատել է 49 դատավորի եւ դատախազի։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Մեհմեդ Յըլմազը։
«Մենք որոշել ենք աշխատանքից ազատել 49 դատավորի եւ դատախազի։ Ապօրինի գաղտնալսման ամոթը պետք է հանվի օրակարգից։ Դա անհամատեղելի է պետության հասկացության եւ մեր գաղափարների հետ»,- ասել է Յըլմազը լրագրողներին։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ HSYK-ը դիտարկում է բարձրաստիճան թուրք պաշտոնյաներին գաղտնալսելու թույլտվություն տված 54 դատավորների եւ դատախազների լիազորությունների վայր դնելու հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Թուրքիայում տասնյակ մարդիկ էին ձերբակալվել այսպես կոչված «զուգահեռ պետության» գործով։ Թուրքիայում այդպես են անվանում իշխանական կառույցներում աշխատող «Հիզմեթ» շարժման մասնակիցներին, որոնց իբր թե ֆինանսավորում է ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենը։




























