Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է եվրոգոտու ներսում սեփական խորհրդարանը ստեղծել արժութային գոտու երկրների փոխադարձ ինտեգրացիայի ամրապնդման համար։
Ֆրանսիացի առաջնորդն այդ մասին հայտարարել է Բաստիլի գրավմանը նվիրված տոնակատարությունների ժամանակ տված ավանդական հարցազրույցի ընթացքում։ Օլանդի ելույթը ուղիղ եթերով հեռարձակել է TF1 հեռուստաալիքը։
«Ես առաջարկում եմ ժամանակի ընթացքում առաջ գնալ տնտեսական կառավարության ստեղծման հարցում։ Անհրաժեշտ է, որպեսզի լինի միասնական եվրոպական տնտեսական կառավարություն»,- ասել է Օլանդը եւ նշել, որ դա թույլ կտա դիմակայել ԵՄ ճգնաժամերին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օլանդը նաեւ առաջարկել է առավել միասնական դառնալ եւ մի շարք լրացուցիչ այլ միջոցներ կիրառել, ինչպես օրինակ՝ ընդհանուր բյուջեի ձեւավորումն է։





























