ՀՀՇ-ի պաշտոնաթերթ «Հայք» օրաթերթի հետագա ճակատագիրն առայժմ անհայտ է: Այսօր՝ օգոստոսի 16-ին, թերթի խմբագրակազմը պետք է վերադառնար արձակուրդից, սակայն խմբագրությունը լրագրողներին հրահանգել է չգալ աշխատանքի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանն ասաց, որ թերթի հետագա տպագրության հետ կապված որեւէ բան առայժմ հայտնի չէ: «Թերթի հետ կապված որոշակի ֆինանսատեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն: Իմ տեղեկություններով՝ այդ խնդիրներն այժմ կարգավորման փուլում են»,-ասաց նա՝ առաջարկելով դիմել ՀՀՇ ղեկավար մարմնին՝ պարզելու լուծվե՞լ են նշված խնդիրները, թե` ոչ: Գեղամ Նազարյանը նաեւ հավելեց, որ վաղը՝ օգոստոսի 17-ին եւս, թերթը չի տպագրվելու: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՀՇ ղեկավարությունը դեռ մեկ ամիս առաջ որոշել է փակել «Հայքը», քանի որ թերթի ֆինանսական դոնոր, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը որոշել է դադարեցնել օրաթերթի ֆինանսավորումը:
«Եթե նման որոշում կայացված լիներ, ապա գոնե ինձ հայտնած կլինեին: ՀՀՇ ղեկավարությունը ինձ հավաստիացնում է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի օր առաջ առկա խնդիրները լուծվեն»,-ընդգծեց Նազարյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե «Հայքն» այլեւս չտպագրվի եւ արձակուրդն անորոշ ժամանակով երկարի, ապա լրագրողները գուցե այլ աշխատանք փնտրեն: «Նրանք, բնականաբար, պետք է իրենց տնտեսական խնդիրների մասին մտածեն, եթե արձակուրդը երկար ժամանակով ձգվի: Սակայն իմ տեղեկություններով, նրանցից ոչ մեկն այս պահի դրությամբ, այլ աշխատանքի չի անցել»,-նկատեց Նազարյանը:
NEWS.am-ը փորձեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից ճշտել, թե ո՞ր փուլում է թերթի ֆինանսատեխնիկական խնդիրների լուծումը:«Դեռ որեւէ որոշում չկա: Ես այս պահին որեւէ բան ասել չեմ կարող: Թերթն արձակուրդում է, եւ դեռ ոչ մի բան չի քննարկվել»,-ասաց նա:



























