Ավստրալիայում տեղի է ունեցել վերջին 80 տարիների ամենաուժեղ երկրաշարժը։ 5.3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի հյուսիս-արեւելյան ափերին։ Այս մասին գրում է DPA-ն՝ վկայակոչելով Geoscience Australia երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քվինսլենդ նահանգից 100 կմ հեռավորության եւ երկրի մակերեւույթից 30 կմ խորության վրա։

Ոստիկանության տեղեկություններով՝ զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ հայտնի չէ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավստրալիայի հյուսիս-արեւելյան ափերից ոչ հեռու անցնում է Խաղաղօվկիանոսյան «Հրե օղակը»՝ 40 հազար կմ ձգվող հրաբուխների եւ տեկտոնական բեկվածքների գիծը։ Հենց «Հրե օղակում» է գտնվում երկրագնդի հայտնի հրաբուխների մեծ մասը։ Եվ այնտեղ է տեղի ունենում Երկիր մոլորակի երկրաշարժերի 90 տոկոսը։