Սահմանադրության նախագծում շարադրանքը այնպիսին է, որ թվում է թե բացառվում է ընտրությունների արդյունքում կոալիցիայի ձեւավորումը: Այդ իսկ պատճառով ես ներկայացրել եմ առաջարկություն, որով այդ մտավախությունը պետք է փարատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:
Ինչպե՞ս եք գնահատում նոր սահմանադրությամբ ամրագրված երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել: Այդ դրույթի համաձայն եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ: Արդյոք սրանով չի՞ սահմանափակվում քաղաքական ուժերի կոալիցիա կազմելու եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը:
Երկփուլ ընտրությունների առումով թույլ տվեք նկատել, որ սահմանադրական հանձնաժողովը որպես գլխավոր նպատակ արձանագրում է ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձեւավորելու քաղաքական անհրաժեշտության հարցը: Այսինքն հեղինակները գտնում են (եւ արդարեւ), որ խորհրդարանական համակարգում համակարգը պետք է այնպիսին լինի, որպեսզի նպաստի ԱԺ ընտրությունների արդյունքում կայուն քաղաքական մեծամասնության ձեւավորմանը: Հակառակ պարագայում կարելի է հայտնվել պերմանենտ ընտրությունների գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն: Դա նշանակում է ԱԺ-ի ձեւավորման գործընթացի արդյունքում քաղաքական ուժերի այպիսի հարաբերակցություն, որի արդյունքում որեւէ ուժ կամ ուժերի միություն (կոալիցիա) կարողանա ապահովել օրենքով սահմանված կայուն մեծամասնությունը: Իսկ այդ չափանիշը նախատեսվում է ամրագրել ընտրական օրենսգրքով: Ես պետք է համաձայնեմ Ձեզ հետ, որ նախագծում շարադրանքը այնպիսին է, որ թվում է թե բացառվում է ընտրությունների արդյունքում կոալիցիայի ձեւավորումը: Այդ իսկ պատճառով ես ներկայացրել եմ առաջարկություն, որով այդ մտավախությունը պետք է փարատվի: Ես գտնում եմ, որ ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերը պետք է հնարավորություն ստանան, օրինակ երկշաբաթյա ժամկետում քաղաքական բանակցություններ վարել կոալիցիայի ձեւավորման համար: Ընդ որում այդ կոալիցիան պետք է ապահովի ընտրական օրենսգրքով սահմանված մեծամասնության պահանջը ՝ օրինակ մանդատների 53%-ը: Սակայն այդ քաղաքական բանակցությունները միաժամանակ չպետք է հնարավորություն ընձեռեն քաղաքական որեւէ փոքրամասնությանը առավել ձայներ ստացած քաղաքական ուժին հանուն կոալիցիա կազմելու անհրաժեշտության անհամաչափ (իր քաղաքական կշռին ոչ ադեկվատ) պահանջներ ներկայացնել: Այդ բանակցություններում բոլորը պետք է իմանան, որ քաղաքական բանակցություններում բանական փոխհամաձայնության չգալու այլընտրանքը երկրորդ փուլն է: Այսինքն նման պարագայում փոքրամասնությունը գիտակցում է, որ պետք է օգտագործի կոալիցիա կազմելու մասին իրեն արված առաջարկը, որպես հնարավորություն քաղաքական պատասխանատվություն ստանձնելու եւ իր հայեցակարգային դրույթները կյանքի կոչելու համար, իսկ մեծամասնությունն էլ պետք է գիտակցի, որ որոշ զիջումների գնալը բխում է իր շահերից, որովհետեւ նոր ընտրությունները՝ նշանակում է նոր ֆինանսական եւ ժամանակային ռեսուրսի վատնում, ինչը միշտ չէ ձեռնտու: Այսինքն՝ ընտրությունների երկրորդ փուլը բանակցող քաղաքական ուժերի համար պետք է դիտվի ոչ ամենացանկալի այլընտրանք: Ինչ վերաբերվում է մանդատներեւի բաշխմանը, ապա ենթադրենք ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժերը ստացել են հետեւյալ քվեները՝ 10%,17%,20%,23%,30% եւ օրենքով կայուն քաղաքական մեծամասնությունը սահմանված է 53%: Եթե առնվազն 53% մանդատներ ստանալու եւ կոալիցիա կազմելու համար այս ուժերի միջեւ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս, ապա 30% հավաքած կուսակցությունը պետք է գնա երկրորդ փուլ եւ եթե հաղթի, ապա նրա 30%-ին պետք է ավելացնեն այնքան մանդատ, որ նա կազմի մնացած ուժերի քվեների հաշվարկով ԱԺ բոլոր քվեների 53%, այսինքն 10%+17%+20%+23%=70%x 101= 71մանդատ, ինչը պետք է կազմի ԱԺ կազմի 47%-ը: Հետեւաբար առաջին տեղը զբաղեցրած կուսակցությանը պետք է հատկացվի 71:47x 53 = 80 մանդատ:
Այնպես որ եթե սահմանադրական նորմը լրացվի այն դրույթով, ինչը ես առաջարկել եմ, որ ուժերը հնարավորություն են ստանում երկշաբարյա ժամկետում բանակցել կոալիցիա ձեւավորելու շուրջ, պա մտահոգությունը կվերանա: Ընդ որում ես ի նկատի չունեմ, որ բանակցում են միայն ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության հետ, մեր օրինակում ցանկացած միություն, ինչը կարող է ապահովել առնվազն 53% մանդատ կձեւավորի կառավարություն: այս հանգամանքքը եւս ստիպում է ուժեղ կամ ազդեցիկ կուսակցություններին հաշվի նստել փոքրերի հետ: Նախագծով առաջարկված այս մոդելը անշուշտ ավելի ժողովրդավարական է եւ նպաստում է կուսակցությունների քաղաքական հասունացմանն ու կայացմանը: Եթե երկրորդ փուլում հաղթի երկրորդ տեղը գրաված կուսակցությունը, ապա նույն հաշվարքը կկատարվի նրա համար՝ ՝ 10%+17%+20%+30%=77;47x 53=93 մանդատ:
Նոր սահմանադրությամբ ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը, ինչո՞վ է վտանգավոր նոր խմբակցությունների ձեւավորման հնարավորությունը արդյունավետ կառավարման տեսանկյունից:
Նոր խմբակցությունների ձեւավորման հետ կապված կարող եմ ասել հետեւյալը: Ազգային Ժողովը ձեւավորվում է համամասնական ընտրակարգի արդյունքներով, այսինքն ընտրություններին մասնակցում են միայն ՀՀ-ում գրանցված կուսակցությունները: Նրանք էլ հանրությանը ներկայացնում են հանրային կյանքի կազմակերպման սեփական ծրագիրը, այդ թվում նշելով իրենց կուսակցության հաղթանակի պարագայում ապագա վարչապետի թեկնածությունը: Ընտրողները ելնելով այս կամ այն կուսակցության նախընտրական ծրագրից, նրա ցուցակի անհատական կազմի նկատմամբ տածած վստահությունից եւ այլ գործոններից, որոնք բնութագրում են կուսակցությանը կատարում են իրենց ընտրությունը՝ նախապատվությունը տալով ընտրապայքարին մասնակցող կուսակցություններից որեւէ մեկին: Այսինքն հանրային կարծիքը ձեւավորվում է կուսակցության նկատմամբ, որպես քաղաքական կառույցի, այլ ոչ թե նա առանձին անդամների նկատմամբ: Եվ թեպետ կուսակցության ցուցակներով ընտրված անձինք ստանձնում են պատգամավորի պաշտոնը եւ կաշկանդված չեն իմպերատիվ մանդատով, այդուհանդերձ նրանցից որեւէ մեկը առանձին վերցրած ընտրողների քվե չի ստանում: ԱԺ-ում կուսակցությունները ձեւավորում են համանուն խմբակցություններ, որոնք կոչված են իրենց կուսակցության քաղաքական գիծը իրականացնել խորհրդարանում՝ այն գիծը որի համար նրանց իրենց ձայնն է տվել այդ կուսակցության ընտրազանգվածը: Հիմա, եթե որեւէ պատգամավոր ինչ -ինչ քաղաքական տարաձայնությունների պատճառով թողնում է խմբակցությունը, ապա տեսականորեն նա պետք է զրկվի նաեւ իր մանդատից եւ այն անցնի այդ կուսակցության ցուցակի հաջորդ անդամին (ի դեպ այսօր ԱԺ կանոնակարգով գործում է այդ կարգը, այլ հարց է, որ պատգամավորները իրենց մանդատից չզրկվելու համար ֆորմալ մնում են տվյալ խմբակցության կազմում): Հետեւաբար իրավունքի տեսակետից, ըստ իս, խմբակցություններից դուրս եկած պատգամավորները չեն կարող կազմել խմբակցություն, քանի որ խմբակցություն կազմելու իրավունք վաստակել են միայն գրանցված եւ ԱԺ ընտրություններին մասնակյցած կուսակցությունները: Բայց միաժամանակ որեւէ մեկին չի կարելի իր կամքին հակառակ պարտադրել մնալ խմբակցության կազմում, եթե նա գտնում է իր քաղաքական հայացքների կամ սկզբունքային որեւէ հարցում իր դիրքորոշման հետ տվյալ կուսակցության քաղաքական դիրքորոշումը անհամատեղելի: Այդ իսկ պատճառով ես առաջարկել եմ սահմանադրությամբ ամրագրել, որ նույն կուսակցությունը ԱԺ-ում կարող է ձեւավորել մեկ խմբակցություն, իսկ խմբակցությունից դուրս եկող պատգամավորները կարող են մնալ որպես անկախ պատգամավորներ՝ առանց պատգամավորական խումբ ձեւավորելու իրավունքի: Եվ վերջապես, եթե ԱԺ խմբակցություններ կազմելու իրավունքը վերապահված է բացառապես ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած կուսակցությանը, ապա նրա կազմից դուրս եկած պատգամավորները, եթե նույնիսկ միավորվեն, ապա չեն կարող դիտարկվել որպես ՀՀ-ում գրանցված նոր ձեւավորված քաղաքական ուժ: Այնպես որ, հաշվի առնելով անկախ պատգամավորի կարգավիճակին վերաբերող իմ առաջարկած լրացումը, Ձեր կողմից նշված նորմը միանգամայն իրավաչափ է: Վենետիկի հանձնաժողովի առաջարկը կարող էր գործել միայն այն դեպքում, եթե ԱԺ ձեւավորվեր այնպիսի համամասնական ընտրակարգով, որում ընտրողը իր ձայնը տալիս է ոչ թե կուսակցության ցուցակին, այլ ցուցակում ընդգրկված կոնկրետ անձին (սկանդինավյան, հոլանդական մոդել):
Սահմանադրության նախագծում նշվում է, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտիչները, ինչը կարող է կամայական որոշումների հանգեցնել, որն էլ կարող է լրջորեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:
ՏԻ մարմիների կողմից ընտրիչների ընտրության հարցը, համաձայն սահմանադրության նախագծի, պետք է կարգավորվի ընտրական օրենսգրքով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նախագիծը նախատեսում է ընտրական օրենասգրքի ընդունման համար 4/5 կողմ ձայների միջոցով (ի դեպ օրգանական օրենքների համակարգի նախատեսումը, այսինքն օրենքներ, որոնք ընդունվում են որակյալ մեծամասնությամբ՝ տվյալ դեպքում 4/5-ով, այս նախագծի նորույթներից է, որով կարեւորագույն քաղաքական հարցերի վերաբերյալ որոշումներ կայացմնելու հարցում երաշխավորվում է քաղաքական փոքրամասնության իրավունքները): Հետեւաբար ՏԻՄ ընտրիչների ընտրության հարցը կկարգավորվի ընտրական օրենսգրքով, որը կարող է ընդունվել ձայների 4/5 մեծամասնությամբ, ինչն էլ երաշխավորում է ընդիմության դիրքորոշման վճռորոշ ազդեցության ապահովումը: Կարծում եմ այստեղ մտահոգվելու խնդիր չկա,, գոնե քննարկումների այս փուլում:
Նոր սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետին անվստահություն հայտնելիս պետք է լինի անվանական քվեարկություն: Արդյոք դա լրացուցիչ կաշկանդող գործոն չէ պատգամավորի համար, որ նա չքվեարկի այնպես, ինչպես կցանկանար, մտավախություն ունենալով հետագա անցանկալի զարգացումներից իշխանության հետ հարաբերություններում:
Վարչապետին անվստահություն հայտնելու ընթացակարգի վերաբերյալ կարող եմ հայտնել հետեւյալը: Նախ խորհրդարանական համակարգում Վարչապետը բացառիկ քաղաքական պաշտոնյա է: Նա առաջադրվում է կուսակցությունների կողմից եւ հետեւաբար նրա գործունեության գնահատականը բացառապես պետք է լինի քաղաքականորեն մոտիվացված եւ ոչ մի անձնական կամ միջանձնային հարաբերություններով պայմանավորված չի կարող լինել: Սա չի նշանակում, որ նման (միջանձնային) գործոններ դեր չեն խաղա, սակայն դա նշանակում է, որ նույնիսկ այդ դեպքերում էլ հրաժարականի պահանջը պետք է հիմնավորվի բացառապես քաղաքական գործոններով, իսկ եթե շատ անձնական է, ապա ՝ կոնկրետ փաստերով ամրապնդված բարոյական նորմերի հիման վրա: Եվ երկրորդ վարչապետի անվստահությանը զուգահեռ առաջադրվում է նոր վարչապետի թեկնածություն, իսկ սա նշանակում է որ այդ առաջարկը վաղօրոք քննարկվել է առաջարկությունը ներկայացնող կուսակցությունում եւ խմբակցությունում: Իսկ նման դեպքերում, որպես կանոն բոլորը քվեարկում են ՝առաջնորդվելով կուսակցության դիքորոշմամբ: Այնպես որ կառավարման այս համակարգը շատ բարձրացնում է կուսակցությունների քաղաքական որոշումների կշիռը կարող է էապես նպաստել մեզանում կուսակցությունների քաղաքական որակների բարելավմանը:
Նոր սահմանադրությամբ նշվում է, որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրային դրույթները: Ո՞րն է նման պահանջի հիմնավորումը՝ հաշվի առնելով, որ մինչ այժմ որպես կանոն ծրագրային դրույթները զուտ քարոզչական նշանակություն են ունեցել: Թե՞ այս դեպքում դրանք նաեւ իրավական փաստաթղթեր են համարվելու:
Կուսակցությունների կողմից պետք է ներկայացվի ոչ միայն կուսակցության նախընտրական ծրագիրը, այլեւ վարչապետի թեկնածությունը եւ կառավարության գործունեության ծրագրի առանցքային դրույթները: Ինչու՞մ է կայանում այս պահանջի կարեւորությունը: Կարծում եմ այն, որ կուսակցությունները պետք է ներկայացնեն գոնե իրենց ապագա վարչապետին վիճահարույց չէ, քանի որ նախ ընտրողները իրենց ձայնը որեւէ կուսակցությանը տալուց պետք է ճանաչեն այն քաղաքական գործչին, ով ստանձնում է այդ կուսակցության նախընտրական խոստումները կատարելու հրապարակային պատասխանատվությունը: Երկրորդ, եթե կուսակցությունը հավակնում է լինել ազդեցիկ, ապա չի կարող իր կազմում չունենալ հանրության կողմից ճանաչված գոնե մեկ Վարչապետի թեկնածու: Եվ վերջապես, այս կերպ հաղթող կուսակցության վարչապետը դե ֆակտո դառնում է հանրության կողմից ընտրված պաշտոնյա, ինչը շատ էական է: Իսկ ընտրությունների մեկնարկում հանրության դատին կառավարության գործունեության ծրագրի հիմնական դրույթների ներկայացնելու պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ կուսակցությունները վաղօրոք իմաստավորեն իրենց կառավարության գործնական քայլերը եւ կշռադատեն իրենց նախընտրական խոստումները՝ ամրապնդելով կառավարության իրատեսական ծրագրային մոտեցումներով: Այլ կերպ ասած՝ այս դրույթը քաղաքական նախընտրական մրցապայքարը զերծ կպահի չափից ավելի պոպուլիզմից, իսկ դա արդեն վատ չի, որովհետեւ ազդեցիկ կուսակցությունները կխուսափեն ձեւավորել հանրության շրջանում անիրականալի սպասումներ: Ի դեպ մեծամասնությունը սահմանադրական բարեփոխումների մեխը համարում է կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ առաջարկությունը: Մինչդեռ այս նախագծի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանում սահմանադրականության նոր մակարդակի վրա են բարձրացվում իրավունքի գերակայության երաշխավորման եւ այդ խնդրում հանրային իշխանությունների բացառիկ պատասխանատու դերակատարման հարցերը: Հենց այս հանգամանքները հաշվի առնելով է Վենետիկի հանձնաժողովը բարձր գնահատել նախագծի վրա կատարված մասնագիտական աշխատանքը: Մեր իրականության շատ դեֆորմացիաներ սկսվում են նրանից, որ Սահմանադրության մակարդակով չենք կարողացել ապահովել քաղաքացիների իրավունքները երաշխավորող ուղղակի իրավական ուժ ունեցող նորմերով:




























