Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նոր նախագծով փորձել է հնարավոր բոլոր կոնֆլիկտների իրավական լուծումները տալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։

«Բնակչությունը հնարավորություն ունի հիսուն հազար ստորագրություն հավաքել եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ Ազգային ժողովին։ Հասարակությունը կարող է երկու հարյուր հազար ստորագրությամբ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ հանդես գալ։ Մենք փորձել ենք հնարավոր կոնֆլիկտների իրավական լուծումները տալ։ Բոլոր հնարավորությունները տրված են քաղաքացիներին»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգում քաղաքական ընդդիմությունը բավականին լայն հնարավորություններ են ունի՝ հաղթանակ տանելու։

Նշենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխները։