Սահմանադրության նոր նախագծով գլխավոր դատախազը, Վերահսկիչ պալատի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կենտրոնական բանկի նախագահներն ընտրվելու են Ազգային ժողովի 3/5-րդ մեծամասնությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։

«3/5-րդ մեծամասնությամբ են ընտրվելու նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ԿԸՀ եւ ՎՊ բոլոր անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն ու անդամները։ Սա նշանակում է, որ այս պաշտոններում ընտրվելու են այն մարդիկ, որոնց կողմ կլինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ այս դրույթը նոր նախագծի առանձնահատկություններից մեկն է։

ԱԺ նույն մեծամասնությամբ են ընտրվելու նաեւ ԱԺ, Ընտրական, Դատական, Հանրաքվեի մասին օրենսգրքերը։ Թովմասյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական մշակույթի նոր աստիճան է ստեղծվում, երբ քաղաքական դաշտում պետք է լինի կոնսոլիդացիա։

«Այսպիսով քաղաքական մեծամասնությունը պետք է երկխոսության գնա քաղաքական ընդդիմության հետ, քանի որ վերը նշված պաշտոններում չեն կարող լինել մարդիկ, որոնց ընդդիմությունը դեմ կլինի»,- ավելացրեց նա։

Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։