Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի վերջին նորից հանդիպելու է Վենետիկի հանձնաժողովի հետ՝ քննարկելու նոր նախագիծը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։
«Վենետիկի հանձնաժողովը փաստում է, որ ակնհայտ է քաղաքական, իրավական եւ կուլտուրայի աճ, որը ողջունելի է նրանց կողմից։ Հանձնաժողովի անդամներն անուղղակիորեն արձանագրում էին այս փաստը։ Պետք է նշել նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները գործընկերներ են մեզ համար։ Մենք պետք է կարողանանք նրանց փորձն օգտագործել՝ ավելի լավ Սահմանադրություն ունենալու համար»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը խորհրդատվական բնույթի է եւ օգոստոսի վերջին կրկին հանդիպելու են։
Դեռեւս հայտնի չէ, թե հանդիպումը որտեղ է տեղի ունենալու եւ ինչ ձեւաչափով։
Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծի 1-7-րդ եւ 10-րդ գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է իր կարծիքը։





























