Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնարկեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ բողոքի քննությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պահանջում է համաներմամբ պատժից ազատված մանկաբույժ Լիլիթ Վարդանյանին ազատազրկել 3, Զարինե Այվազյանին՝ 3 տարի 6 ամսից ժամկետով՝ համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա փոխարեն: Նրանք պահանջում են նաեւ մանկաբույժներին զրկել որոշակի գործունեւությամբ զբաղվելու իրավունքից` համապատասխանաբար 2 և 3 տարով:

Միաժամանակ, վերաքննիչ բողոք են ներկայացրել «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժների պաշտպանները՝ նրանց արդարացնելու պահանջով:

«Ես գտնում եմ, որ խախտվել է Զարուհի Այվազյանի արդար դատաքննության իրավունքը: Դատավճռում ընդհանրական բնույթի վերացական արտահայտություններ են: Զարմանալի ,է թե ինչ հիմնավորումներով պարզեց, որ մեղավոր են, մեկ տող անգամ չեք կարող պատճառաբանություն գտնել: Էսքան փաստարկ ու հակափաստարկ էինք ներակացնում, չեն նշել, թե ինչն են հիմանվոր կամ անհիմն համարել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը փորձել է «ամեն եղանակով» հաստատել իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը եւ դրա հետեւանքով հակասություններ պարունակող վճիռ է կայացրել:

«Ամբողջ դատական նիստի ընթացքում ասեցին, որ հիմք են ընդունում դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից տրված եզարկացությունը, որում առկա հետեւությունները կատեգորիկ հակասում են մյուս՝ Ազգային բյուրոյի կողմից տրված փորձաքննության եզրակցություններին: Լիլիթ Վարդանյանի պարագայում, որպես մեղադրանքը հաստատող ապացույց հիմք են ընդունել մեկի, Զարինե այվազյանի դեպքում մյուսի եզրակացությունները»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ  դատաքննության ժամանակ եւ դատախազը, եւ դատավորը ասել, են որ  Ազգային բյուրոյի կողմից տրված եզրակացությունը անհիմն է:

Երեմ Սարգսյանը մեծ հույսեր չունի Վերաքննիչ քրեական դատարանից, կարծում է, որ հնչեղություն ունեցող դատական գործերի ժամանակ վերին ատյանները սովորաբար խախատումները վեր չեն հանում, ավելին՝ փորձում են շուտ ավարտել քննությունը:

«Կարծես թե միասնական դիրքորոշում է լինում: Վերին ատյանները շտապում են նիստերը շուտ ավարտվել ու ուշադրության կենտրոնում չհայտնվել»,- ասաց փաստաբան Սարգսյանը:

 Բողոքի քննությունն այսօր հետաձգվեց, քանի որ տուժող կողմի ներկայացուցիչները չէին ստացել պաշտպանների ներկայացրած բողոքի օրինակները եւ բովանդակությանը ծանոթ չէին:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 31-ին:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հունիսի 15-ին գործով ամբաստանյալ բժշկուհի Լիլիթ Վարդանյանին դատարանը դատապարտեց 2, իսկ բուժքույր Զարինե Այվազյանին՝ 2,5 տարվա ազատարկման: