Ամերիկյան անօդաչու սարքը Պակիստանի Հյուսիսային Վազիրիստանում, «ցեղախմբերի գոտում» գիշերը գրոհել է բնակելի շինության վրա:
Express Tribune թերթի էլեկտրոնային տարբերակի փոխանցմամբ, հարձակման արդյունքում ոչնչացվել է առնվազն 7 գրոհային, եւս երկուսը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անօդաչու սարքը երկու հրթիռ է արձակել բնակելի տան վրա, որը, ենթադրաբար, պատկանում է «Հաքանի ցանց» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկին: Այս խմբավորումը մոտ է «Թալիբան» շարժմանն ու «Ալ Կաիդային»: Սա հունիսի սկզբից ամերիկյան անօդաչու սարքի առաջին հարձակումն է այս շրջանում:
Պակիստանը դատապարտում է իր տարածքում ամերիկյան անօդաչու սարքերի կիրառումը՝ դա գնահատելով որպես իր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձգություն:





























