Վենետիկի հանձնաժողովը, դեմ չլինելով կայուն քաղաքական մեծամասնության գաղափարին, պարզապես գտնում է, որ նպատակահարմար չէ կաշկանդել քաղաքական ուժերին՝ թույլ տալով, որ իրենք դա անեն կոալիցիա կազմավորելու կանոններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Ինչպե՞ս եք գնահատում նոր սահմանադրությամբ ամրագրված երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել: Այդ դրույթի համաձայն եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ: Արդյոք սրանով չի՞ սահմանափակվում քաղաքական ուժերի կոալիցիա կազմելու եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը ոչ թե կայուն քաղաքական մեծամասնություն ձեւավորելու դեմ է, այլ դրա իրացման եւ այն ամրագրելու եղանակի, մասնավորապես, CDL-PL(2015)15 նախնական եզրակացության համաձայն, նախ, ընտրական համակարգին նվիրված առանձին նորմեր նպատակահարմար է տեղափոխել Ընտրական օրենսգիրք, եւ, բացի այդ, նախապատվությունը տրվել է կոալիցիաներ կազմելու՝ քաղաքական ուժերի իրավունքի գերակայությանը: Այս հարցը դեռ լրացուցիչ քննարկման նյութ կլինի, սակայն արդեն այս փուլում մասնագիտական հանձնաժողովը ելակետային է համարել հետեւյալ դիրքորոշումը. ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, կայուն քաղաքական մեծամասնություն ձեւավորելու հնարավորությունը պետք է վերապահել ընտրված քաղաքական ուժերին: Այսինքն՝ իրենք, դեմ չլինելով կայուն քաղաքական մեծամասնության գաղափարին, պարզապես գտնում են, որ նպատակահարմար չէ կաշկանդել քաղաքական ուժերին՝ թույլ տալով, որ իրենք դա անեն կոալիցիա կազմավորելու կանոններով: Մենք ելակետ ենք ընդունում այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ այդ համատեքստում առնվազն խոցելի են այն դատողությունները, որ քաղաքական ուժերի վերադասավորման եւ փաստացի իշխանության պատասխանատվությունը վերջնական տեսքով ստանձնելու լիազորությունը պետք է փոխանցվի սոսկ քաղաքական ուժերին: Վերջիններս կարող են միայն բանակցությունների միջոցով կազմել դաշինքներ, սակայն դրանց վերջնական գնահատականը դարձյալ պետք է տա ժողովուրդը՝ իր քվեի միջոցով: Իսկ այդպիսի վերապահումները կհարկադրեն քաղաքական դաշինքներ կազմելիս,  նախապատվությւնը տալ այնպիսի քաղաքական ուժերի, որոնք հիրավի օժտված են անհրաժեշտ վարկանիշով, այս դեպքում սուբյեկտիվ գործոնները նվազագույնի են հասցվում: Հավելենք, որ կոալիցիաներ կազմելու միջազգային փորձը եւս վկայում է վերը նշված մեր մոտեցումների օգտին, մասնավորապես միշտ չէ, որ կոալիցիաներ կազմավորելու եղանակով հնարավոր է լինում հաղթահարելու կառավարական ճգնաժամերը, իսկ դա պետք է խիստ մտահոգի գրեթե պատերազմական վիճակում գտնվող երկրի քաղաքական ուժերին:

Այսպիսով, Նախագծով ամրագրված են այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն չեն տալիս քաղաքական ուժերին բանակցություններ վարել ու համաձայնության գալ «կուլիսներում»:

Բացի այդ, այս դրույթը արհեստականորեն չի՞ մեծացնում բոլորից շատ ձայն ստացած ուժի դերը, որը սակայն չի ստացել 50 տոկոսից ավելի: Ասենք շատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի ձայները միասին կազմում են 25-30 տոկոս, ստացվում է, որ անտեսվում են մնացած 70 տոկոսի ձայնե՞րը: Կամ եթե որեւէ ուժ ստացել է ասենք X տոկոս, ԱԺ մանդատների թիվը 101-ից ավելանալու դեպքում՝ այդ տոկոսը ինքնաբերաբար նվազում է:

Եթե համաձայնություն լիներ խնդրին առնչվող ընտրական օրենսդրության դրույթներն առավել հանգամանալից ներառել Նախագծում, ապա այդպիսի թյուրըմբռնման հիմք չէր լինի, սակայն Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքներով նախապատվությունը տրվել է դրանք՝ Ընտրական օրենսգրքում արտացոլելու տարբերակին: Ի դեպ, սա մտահոգող չէ, քանզի այդ օրենսդրական ակտը Նախագծով համարվում է օրգանական օրենք, ինչը ենթադրում է, որ դրա ընդունման համար կպահանջվի ձայների որակյալ մեծամասնություն՝ պատգամավորների ձայների առնվազն երեք հինգերորդը, ինչը կբացառի մեկ քաղաքական ուժի թելադրանքը: Բոլոր դեպքերում, բուն գաղափարը ոչ թե ցանկացած համամասնությամբ ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերի, այլ նվազագույն չափաքանակը (օրինակ, Ընտրական օրենսգրքով դա կարող է լինել առնվազն 35 տեղ եւ այլն) գերազանցած ուժերի մասին է: Հետեւաբար, Ձեր օրինակը որեւէ հեռանկար չունի:

Ինչ վերաբերում է ձայների տոկոսային հարաբերությանը, ապա այն խնդրահարույց կլիներ, եթե ընդունվեր Ձեր նախորդ տարբերակը, երբ անվերապահորեն երկրորդ փուլ անցնեին ցանկացած շեմ հաղթահարած ուժերը, սակայն նվազագույն շեմ սահմանելու դեպքում տոկոսային հարաբերության տարբերությունը դառնում է ոչ էական: Բացի այդ, նույն այդ քաղաքական ուժերը կարող են դաշինքներ կազմելու միջոցով հավաքել առավել թվով ձայներ:

Նոր սահմանադրությամբ ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը, ինչո՞վ է վտանգավոր նոր խմբակցությունների ձեւավորման հնարավորությունը արդյունավետ կառավարման տեսանկյունից:

Այս հարցադրումը նույն հարթության վրա պետք է քննարկել, ինչ քվեարկության երկրորդ փուլից առաջ քաղաքական դաշինքներ կազմելն էր, որին արդեն անդրադարձանք: Խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը, առանց ընտրության արդյունքների իրական պատկերի արտացոլման, հակասում է ժողովրդաիշխանության սկզբունքներին, չեն կարող իրավաչափ համարվել այնպիսի վերապահումները, երբ սոսկ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում շրջանցվում են ընտրության փաստացի արդյունքները:

Սահմանադրության նախագծում նշվում է, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտիչները, ինչը կարող է կամայական որոշումների հանգեցնել, որն էլ կարող է լրջորեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Բայց արդեն նշեցինք, որ Ընտրական օրենսգիրքը օրգանական օրենք է, ինչից բխում է, որ այն ընդունելու եւ դրանում փոփոխություն կատարելու համար հարկ է խորհրդարանում ապահովել քաղաքական փոխհամաձայնեցված դիրքորոշում, ուստի սա այն հարցը չէ, որ անվերապահորեն արտացոլվի Երկրի Հիմնական օրենքում: Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցինք, Վենետիկի հանձնաժողովը եւս համամիտ չէ Սահմանադրությունն այդպիսի ընթացակարգային հարցերով ծանրաբեռնելու տարբերակի հետ:

Նոր սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետին անվստահություն հայտնելիս պետք է լինի անվանական քվեարկություն: Արդյոք դա լրացուցիչ կաշկանդող գործոն չէ պատգամավորի համար, որ նա չքվեարկի այնպես, ինչպես կցանկանար, մտավախություն ունենալով հետագա անցանկալի զարգացումներից իշխանության հետ հարաբերություններում:

Մեզ համար սա սկզբունքային հարցադրում չէ, հետագա քննարկումների արդյունքներով այն կարող է եւ վերանայվել, սակայն կոնկրետ ինձ համար անհասկանալի են պատգամավորի, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցչի պարագայում կաշկանդվածության մասին խոսելը: Առանց այդ էլ, ամրագրված են պատասխանատվության անձեռնմխելիության լիարժեք հիմքեր, ինչո՞ւ պետք է նաեւ «հոգ» տանենք, որպեսզի պատգամավորները փորձեն իրենց իրական պատկերացումները հաջողված քողարկել:

Նոր սահմանադրությամբ նշվում է, որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրային դրույթները: Ո՞րն է նման պահանջի հիմնավորումը՝ հաշվի առնելով, որ մինչ այժմ որպես կանոն ծրագրային դրույթները զուտ քարոզչական նշանակություն են ունեցել: Թե՞ այս դեպքում դրանք նաեւ իրավական փաստաթղթեր են համարվելու:

Դրանք սոսկ նվազագույն, սակայն խիստ տրամաբանական պահանջներ են, ելակետ է ընդունվել այն գաղափարը, որ ընտրողը նախապես պետք է հստակ գիտենա, թե այս կամ այն խոստումը տված քաղաքական ուժը կոնկրետ ինչ գործիչների եւ ինչ եղանակներով է իրագործելու դրանք, ինչը լրացուցիչ տեղեկատվություն է՝ գնահատելու խոստումների լիարժեքությունը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը