Երեւանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող Տիգրան Մանուկյանի վիճակը դեռ ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել է տղամարդը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ բժշկական կենտրոնից տեղեկանք են ստացել այն մասին, որ Տիգրան Մանուկյանը առաջիկա օրերին պետք է անշարժ պառկած մնա: Այդ պատճառով նա դեռեւս կալանավայր չի տեղափոխվում, թեեւ նրան արդեն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ Տիգրան Մանուկյանին ոստիկանները հայտնաբերել էին դեպքից ժամեր անց նույն շենքի նկուղում: Նկատելով ոստիկաններին՝ կասկածյալն իր մոտ առկա զենքով կրակել է ինքն իր վրա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում սպանվել են ամուսիններ՝53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանների վրա, որոնք տեղում մահացել են: Նրանց սպանել էին ավտոտնակի առջեւ, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:



























