Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ անհրաժեշտ է կրկնակի հարցաքննել Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայային, որը հարձակման պահին քայլում էր նրա կողքին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նրանց կարծիքով՝ դրա համար հետաքննությունը նոր հիմքեր ունի։ «Փորձաքննության տվյալների կապակցությամբ հարց է առաջանում, թե ինչ է թաքցնում Դուրիցկայան։ Ով է այնտեղ եղել, եւ ով է կրակել ի վերջո։ Դուրիցկայային ուղղված բազմաթիվ հարցեր կան»,-  հայտարարել է կասկածյալ Զաուր Դադաեւի փաստաբան Շամսուդին Ցակաեւը։

Ընդ որում, նրա կարծիքով՝ Դուրիցակայային դժվար թե հարցաքննեն։ «Նա ամեն բան տեսել է, սակայն հենց որ կասկածյալներ հայտնվեցին, նրան Ուկրաինա ուղարկեցին, քանի որ նա այնտեղից երբեք հետ չի վերադառնա, եւ նրան հնարավոր չի լինի հարցաքննել»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ փորձաքննության նոր տվյալները հաստատում են մեղադրյալների անմեղությունը։