«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առեւտրականները մոտ ապագայում չեն պատրաստվում բողոքի ակցիաներ անցկացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ հերքելով այն լուրերը, թե առեւտրականները օգոստոսի 13-ին պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել:
«Ինչ-որ ՕԷԿ-ական Արսեն է հայտարարել, որ ակցիա է լինելու, բայց նման բան չկա, սա ուղղակի ՕԷԿ-ի ներքաղաքական խաղերից է, որ ուզում են խիստ ընդդիմադիր ձեւանան եւ այս ՓՄՁ ձեռնարկությունների միջոցով են ուզում այս ամենը անել: Լրիվ ԲՀԿ-ի խաղերն ա, որ հիմա ՕԵԿ-ն է խաղում»,-ասաց նա:
«Կասեցում» շարժման համակարգողը նշեց, որ առեւտրականները գոհ չեն «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից, սակայն դեռ սպասում են Կառավարության վերջնական որոշմանը:
«Մենք շատ դժգոհ ենք, բայց դեռ փողոց դուրս չենք գա, քանի որ ուզում ենք Կառավարությունն էլ տեսնի, որ նոր օրենքը շատ վատն է՝ հարկերը իջան, ստվերը մեծացավ: Հիմա մենք ակցիաների իմաստը չենք տեսնում եւ սպասում ենք՝ ինչ լուծում կառաջարկի Կառավարությունը»,-ասաց Սամսոն Գրիգորյանը:
անդիպումներ եւ քննարկումներ անընդհատ լինում են
Հիշեցնենք, որ մարտին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսին:
Հիշեցնենք, որ օրենքի նոր խմբագրման մեջ մի շարք սկզբունքային փոփոխություններ են կատարվել, որոնք առաջարկում էին ՓՄՁ-ներն ու քաղաքական ուժերը: Մասնավորապես, հանվել է գործարքների պարտադիր թղթաբանության պահանջը եւ ներդրվել է ընտրանքային համակարգ՝ տարբեր դրույքաչափերով:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս:
Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը:



























