Անցած տարի իրեն «եզո» անվանելու համար խոհանոցային դանակով հարևանին սպանելու համար մեղադրվող Արթուր Ազատյանի համար դատախազ Տիգրան Հակոբյանը պահանջում է 11 տարվա ազատազրկում: Այսօր՝ օգոստոսի 11-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազը նշեց, որ գործում կան բոլոր ապացույցները մեղադրական եզրակացության համար:

«Կատարվածը սպանության դասական  օրինակ է: Պահանջում եմ Արթուր Ազատյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 11 տարվա ազատազրկման, և պատժի սկիզբը հաշվել փաստացի կալանքի վերցնելու պահից»,- ասաց նա:

Պաշտպանական կողմը մի քանի օր խնդրեց դատարանին՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 18-ին:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ազատյանը 2014թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21:00-ի սահմանում իր՝ Երևան քաղաքի Վ.Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկ Հարությունի Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝  կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։