«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի միջոցով ՀՀ իշխանությունները «պրովոկացիա» են արել «Ժառանգություն» կուսակցության անդամների դեմ: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօր` օգոստոսի 14–ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում ժառանգականների եւ ՀԿ–անդամների միջեւ ծեծկռտուքին։
«Վերջերս իշխանությունների կողմից մի շարք նախաձեռնություններ ու ՀԿ-ներ են ստեղծվել, որոնց միջոցով փորձում են հարվածել քաղաքական ուժերին: Մերոնք էլ միամտաբար ընկել են ծուղակը: Ընդամենը սա է, ուրիշ բան չկա: Հովսեփը շատ լավ տղա է, շատ հայրենասեր ու լավ երիտասարդ»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց կատարվածի` իր վարկածը։ Ըստ նրա` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Հովսեփ Ղազարյանին իրենց գրասենյակ է հրավիրել քաղաքական հողի վրա ստեղծված տարաձայնությունները քննարկելու համար, որտեղ էլ ՀԿ 15 անդամներ հարձակվել են «Ժառանգության» անդամների վրա. «Հովսեփը առաջարկել է գնալ սրճարան և հանգիստ զրուցել, սակայն Նարեկ Սամսոնյանն ասել է` ինչի՞ գնանք սրճարան, մենք կոֆե չունե՞նք ձեզ հյուրասիրելու, որ սրճարանում գնանք: Մերոնք գնացել են, որից հետո էլ 15 հոգով հարձակվել են «Ժառանգության» անդամների վրա»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ հերքեց ՀԿ–ի այն պնդումը, որ ժառանգական Հովսեփ Ղազարյանը գրասենյակ է գնացել կուսակցության 7 անդամների հետ` նշելով, որ նրանք 5–ն են եղել։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` օգոստոսի 14-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում ՀԿ անդամների և «Ժառանգություն» կուսակցության միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակից NEWS.am–ին պատմել էին, որ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հարցազրույցից հետո, որում նա քննադատել է բոլոր ընդդիմադիր ուժերին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը 7 ժառանգականների հետ իրենց գրասենյակ է գնացել «պատասխան ստանալու», ծեծկռտուքը սկսվել է, երբ «Ժառանգության» անդամները հարձակվել են իրենց վրա։ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։





























