Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 104-ի։ Այս մասին հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Պայթյունը տեղի էր ունեցել Չինաստանի արևելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեսում, չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:30-ին։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով և վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։
Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Xinhua գործակալության հաղորդմամբ, հրդեհից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։





























