Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին երկրում ահաբեկչության դեմ պայքարը խստացնող նոր օրենք է ընդունել: Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նախագահը կարող է նոր հակաահաբեկչական օրենսդրությունն օգտագործել քաղաքական ընդդիմախոսների եւ այլախոհների դեմ պայքարում, հաղորդում է BBC-ն:

Նոր օրենքի համաձայն, ահաբեկչական խմբավորումների կազմակերպիչներն ու ղեկավարներին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն: Ահաբեկչական գործունեությանը մասնակցություն ունենալու համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:

Ենթադրյալ գրոհայինների դատերը կանցկացվեն արագացված կարգով: Լրագրողները, որոնք կհաղորդեն գրոհայինների հարձակումների մասին, որոնց տեսակետը չի համընկնի պաշտոնական տեղեկատվությանը, կարող են ենթարկվել խոշոր տուգանքի, հաղորդում է «Կոմերսանտը»: