«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները՝ 7-8 հոգով, մեծ թվով մարդկանց ներկայությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը:
«Հանդիպումը եղել է Ֆուտբոլի ակադեմիայում, որի հարեւանությամբ լողավազան կա, եւ այնտեղ հարյուրավոր մարդիկ են եղել: Ռուբեն Հայրապետյանը գողականով ասել է՝ ինձ ես պարտք, ամուսինս ասել է՝ «Էյր Արմենիան» է պարտք «Տարոն-Ավիա» ընկերությանը, ես քեզ պարտք չեմ: Դրանից հետո ամուսնուս թեւից բռնել են, քաշել, գցել գետնին, 8 հոգով հարձակվել են վրան, ծեծել են, հետո տարել են մի ուրիշ տարածք»,- պատմեց Իզաբելլա Մելքումյանը՝ նշելով, որ մինչեւ այդ եւս մեկ հանդիպում էր եղել իր ամուսնու, Ռուբեն Հայրապետյանի եւ «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն եւ սեփականատեր Գառնիկ Պապիկյանի միջեւ:
Առաջին հանդիպման ժամանակ Գառնիկ Պապիկյանը, որին Արսեն Ավետիսյանը օդանավի վարձակալության գումար է պարտք, ասել է, որ Արսեն Ավետիսյանը պարտավոր է գումարը Ռուբեն Հայրապետյանին վճարել, հակառակ դեպքում այն «կվճարեն նրա երեխաները»: Կնոջ պատմելով՝ Արսեն Ավետիսյանն ասել է, որ մինչեւ օգոստոսի 15-ը հնարավոր է՝ դրական փոփոխություն լինի իր գործերում եւ կարողանա պարտքը վճարել, սակայն չի կարողացել:
Ռուբեն Հայրապետյանի եւ Արսեն Ավետիսյանի միջեւ երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հենց օգոստոսի 15-ին, որի ժամանակ էլ ծեծի է ենթարկվել Արսեն Ավետիսյանը:
Կինը ամուսնու ծեծի ենթարկվելու մասին իմացել է նրա եղբորից, որից հետո ահազանգել է ոստիկանություն, ԶԼՄ-ներին: Աղմուկ բարձրանալուց որոշ ժամանակ անց Արսեն Ավետիսյանին բաց են թողել: Կնոջ պատմելով` ամուսնուն ստիպել են ընդունել, որ ինքը պարտք է Ռուբեն Հայրապետյանին, ինչը նա չի արել:
Արսեն Ավետիսյանն արդեն երրորդ օրն է՝ հիվանդանոցում է, վիճակը կայուն է: Նրա մոտ հայտնաբերվել է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդներ:
Արսեն Ավետիսյանը դիմել է իրավապահներին։ NEWS.am–ի տեղեկություններով` գործի քննության շրջանակներում արդեն հարցաքննվել է թե նա, թե Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու թիկնապահները:
NEWS.am-ին չի հաջողվել դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Ռուբեն Հայրապետյանից:





























