Հայաստանում Սահմանադրության բարեփոխումները կստիպեն հաշվի նստել ընդդիմության հետ: Այդ մասին օգոստոսի 17-ին լրագրողներին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Նրա խոսքով, շատ կարեւոր է այն, որ բարեփոխումներն առաջարկում են երկիրը զերծ պահել կիսանախագահական համակարգի պոտենցիալ հակամարտություններից, երբ նախագահական ընտրություններում մի ուժ է հաղթում, իսկ խորհրդարանական ընտրություններում` մեկ այլ, եւ հենց այդ ուժն էլ կառավարություն է ձեւավորում: Նման դեպքում բախումներն անխուսափելի են:
«Դրա համար էլ սահմանադրական բարեփոխումների նախագծում առաջարկված են խորհրդարանական ընտրություններ երկու փուլով: Եթե առաջին փուլում ոչ մի ուժ չհաղթահարի արգելքը, ապա առաջին երկու ուժը կանցնեն երկրորդ փուլ:” Այդ ընթացքում նրանք կարող են նաեւ այլ ուժերի աջակցությունը ձեռք բերել` մեծամասնություն ստանալու համար: Բացի այդ, քաղաքական գործընթացներում աճում է ընդդիմության դերը: Առանցքային մի շարք պաշտոնների (գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահների) թեկնածուներին խորհրդարանը նշանակելու է ոչ թե ձայների կեսից ավելիի դեպքում, այլ` 3/5-ի: Նույնը վերաբերում է նաեւ որոշ կարեւորագույն օրենքների եւ օրենսգրքերի փոփոխություններին: Համաձայնեք, որ քիչ հավանական է, որ մի ուժը ստանա մանդատների ավելի քան 60%-ը: Նշանակում է , նա ստիպված կլինի հաշվի առնել մյուսներին», ասել է Մինասյանը:





























