Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսը (նստավայրը` Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Պերուի հետ հարաբերությունների խորացումը եւ հույս հայտնել, որ Հայաստանում Պերուի առաջին դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջպետական կապերը որակապես նոր հարթություն տեղափոխելու ամուր հիմքեր կդրվեն:

Դեսպան Ալվարեսը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կաշխատի մեծ նվիրումով՝ Հայաստանի եւ Պերուի միջեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումը մեծապես կնպաստի հայ-պերուական կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի կայացմանն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը:

 Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսը մտքեր են փոխանակել նաեւ տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության շուրջ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Պերուի համագործակցության մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: