Ժառանգության անդամների եւ մյուսների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը, որն ուղեկցվել է նաեւ գազային ատրճանակի կիրառմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանը:

Հատկանշական է, որ այն տեղի է ունեցել անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում կատարված բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների քանակի կտրուկ աճման ֆոնին:

Ուշագրավ է նաեւ, որ այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի ռուսաստանաբնակ աջակից, ուսանողուհի Սյուզի Գեւորգյանին դարանակալելու եւ ծեծի ենթարկելու դեպքը:

Միմյանց հետ առաջին հայացքից կապ չունեցող այս հանցագործությունների միջեւ առկա է երկու կարեւոր ընդհանրություն՝ դրանք կատարվել են այն ժամանակ, երբ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բացակայում էր երկրից եւ դրանց կատարողները որոշակի արտոնյալ կարգավիճակ ունեն: Նրանք կամ հավասարեցվում են տուժողներին, կամ անհայտ են մնում, կամ էլ գործում են բացահայտ կերպով, սակայն մնում են անպատիժ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր ընդդիմադիր ուժերին եւ պայքարող անհատներին կոչ է անում պատրաստվել համազգային մոբիլիզացիային, իսկ մինչ այդ՝ զգոն լինել, սադրանքի չենթարկվել, չապավինել իրավապահ մարմիններին եւ աջակցել միմյանց: