Ի պատասխան Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի` նախօրեին արած հայտարարության այն մասին, որ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Տատյանա Նավկայի հետ իր մեղրամիսն անցկացնում է աշխարհի ամենաթանկարժեք առագաստանավերից մեկի վրա` Սարդինիայի ափերին, Նավկան համացանցում տեղադրել է ամուսնու հետ իր համատեղ լուսանկարները, որտեղ նորապսակները ներկայացված են լրիվ այլ վայրում:

Առաջին լուսանկարում Նավկան եւ Պեսկովը նստած նայում են Տաորմինա քաղաքի կրակներին, որը գտնվում է Սիցիլիա կղզում (տեղադրությունը նշված է լուսանկարի կողքին` գեոթեգով): Գեղասահորդուհին մեկնաբանություն է թողել լուսանկարի տակ. «Մութ սենյակում սեւ կատու մի փնտրիր, մանավանդ եթե այնտեղ կատու չկա»:

Երկրորդ լուսանկարում Նավկան նկարվել է հեռախոսային խցիկում.  «Կոչվում է` որոշել եմ առանց հեռախոսի հանգստանալ», ասվում է լուսանկարին կից գրությունում:

Հիշեցնենք, Նավալնին նախօրեին հաղորդել է, որ Պեսկովը Նավկայի հետ մեղրամիսն անցկացնում է աշխարհի ամենաթանկարժեք Maltese Falcon առագաստանավի վրա` Սարդինիայի ափերին: Maltese Falcon-ը մի շաբաթով վարձակալելն արժե 385 000 եվրո: