Օգոստոսի 18-ին ՊԲ-ում մեկնարկել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ առիթով բոլոր զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ ուսումնական փուլի հիմնական ձեռքբերումներին եւ բացթողումներին, նշվել են այն հիմնական խնդիրները, որոնք պետք է իրենց լուծումը ստանան ամառային ուսումնական փուլի ընթացքում:
Հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Պաշտպանության նախարարը շնորհավորելով անձնակազմին, խոսել է տարածաշրջանային արդի եւ հավանական զարգացումների, առաջնագծում շարունակվող լարվածության մասին, նշելով, որ բոլոր մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավել կարող են միայն պատրաստված ստորաբաժանումները, իսկ այդ առումով նոր ուսումնական փուլը, հրամկազմի համար կլինի անձնակազմին ուսուցանելու հերթական հնարավորությունը:
Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որոնք կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին:





























