Ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրի՝ 2017 թ․ սահմանադրական հանրաքվեից հետո կանցնեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ կընտրվի Ազգային ժողովի նախագահ, որն իրականում Սերժ Սարգսյանը չի լինի։ Այս մասին օգոստոսի 25-ին ՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ Հայաստանի քաղաքական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո, հայտարարել է Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ  իր թեկնածությունն առաջադրել ՀՀ վարչապետի  ու Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, Լեւոն Զուրաբյանը շեշտել  է․ «Սերժ Սարգսյանի ծրագիրն ուրիշ է ․ երբ ավարտվի նրա նախագահական ժամկետը / ըստ անցումային դրույթների՝  նա եւս մեկուկես տարի կշարունակի մնալ ՀՀ նախագահ/ ՝ նա կդառնա Ազգային ժողովի նախագահ։ Հենց դա է նրա ամբողջ ծրագիրը»։

Պատգամավորը նաեւ շեշտել է, որ երեկ իրեն զանգահարել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ու Սերժ Սարգսյանի անունից փոխանցել է ՝ չորեքշաբթի օրը քաղաքական ուժերի՝ մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ խորհրդակցություններ  սկսելու առաջարկը։ «Ես ասացի, որ մենք լավ հասկանում ենք այդ ամբողջ սահմանադրական գործընթացի նպատակը։ Այդ նպատակը մենք անընդունելի ենք համարում։ Եվ մենք վստահ ենք, որ այդ տեսակետից որեւէ խոսակցություն անիմաստ է, քանի որ այդ նպատակը միեւնույն է  չի փոխվի»,-ընդգծել է Լեւոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծի ամբողջական տեքստն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Ըստ այդ բարեփոխումների ՝ երկրում հաստատվելու է կառավարման խորհրդարանական ձեւ։