Լեգենդար «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ Մակքարտնին զանգահարել ու շնորհավորել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդյան տարեդարձը, նրա համար կատարելով «լիվերպուլյան քառյակի» հայտնի երգերից մեկը, հաղորդում է The Daily Mirror-ը:

Նախորդ շաբաթ Բիլ Քլինթոնը կատակով ասել էր, որ իր համար ծննդյան օրվա լավագույն նվերը կլինի այն, որ իրեն զանգահարի Փոլ Մակքարտնին: Սակայն նրա շրջապատը լուրջ է ընդունել Քլինթոնի կատակը եւ պայմանավորվել հայտնի երաժիշտի հետ:

Օգոստոսի 19-ին, երբ Բիլ Քլինթոնը դարձել է 64 տարեկան, նրան է զանգահարել Փոլ Մակքարտնին եւ նրա համար երգել When I'm Sixty-Four («Երբ ես կդառնամ 64 տարեկան») երգը, որը «Բիթլզ» խմբի 1967 թվականի Sgt Pepper's Lonely Hearts Club Band ալբոմից է: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սըր Փոլը գիտի, որ Բիլը «լիվերպուլյան քառյակի» մեծ երկրպագու է, ուստի միանգամից համաձայնեց երգել այդ երգը նրա համար: Բիլը հիացմունքի մեջ էր, երբ լսեց Մակքարտնիի ձայնը եւ երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ դա հենց նա է»,- ասել է նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Բիլ Քլինթոնի առողջական վիճակը լավ չէ: ԱՄՆ նախկին նախագահը վստահ է, որ իրեն մնացել է ապրելու 6 ամսից ոչ ավելի: