Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած եւ օգոստոսի 24-ին վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գեւորգյանի մարմինը, նախնական տեղեկություններով, Հայաստան է տեղափոխվելու սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը, որի աշակերտուհին է եղել Լիլիթ Գեւորգյանը:
«Մի քանի օր առաջ պետք է տեղափոխեին մարմինը, սակայն խնդիրներ էին առաջացել, այս գիշերն են տեղափոխելու: Վաղն էլ ամենայն հավանականությամբ կլինի հոգեհանգիստը»,- ասաց դպրոցի տնօրենը:
Նրա խոսքով՝ Լիլիթ Գեւորգյանի հարազատներն ԱՄՆ-ում արդեն ծանոթացել են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. վարկածը, որ Լիլիթ Գեւորգյանը մահացել է կվադրոցիկլով վթարի ենթարկվելու հետեւանքով, հաստատվել է:
Հիշեցնենք, որ արմավիրցի Լիլիթ Գեւորգյանն ԱՄՆ էր մեկնել օգոստոսի 18-ին, նա մեկ տարի պետք է ապրեր եւ սովորեր այնտեղ: Օգոստոսի 24-ին, սակայն, 16-ամյա աղջիկը մահացել է Թեքսասում ավտովթարից: Վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին։ Շերիֆը նշել է, որ ամենայն հավանականությամբ աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը: Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում:





























