ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարծում է, որ վերջերս Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչ-որ բանով հիշեցնում էր 2014թ. ուկրաինական մայդանը։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում։

«Շատ դիտորդներ նշում են այն կասկածելի առանձնահատկությունները, որոնք բնորոշ չէին մինչ այդ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ Օրինակ՝ ամբոխի մեջ դիմակավոր մարդիկ են եղել, որոնք բացահայտորեն իշխանափոխության կոչեր էին անում»,- հայտարարել է Բաստրիկինը։ Ռուսական Քննչական կոմիտեի ղեկավարը վստահ է, որ այդ մարդիկ ցուցարարներին ջրցան մեքենաներից եւ ոստիկաններից պաշտպանվելու միջոցներ էին ցույց տալիս եւ բջջային հեռախոսներով տեսագրում ոստիկանության գործողությունները՝ հետագայում «ակցիայի պատվիրատուներին ցույց տալու համար»։

«Բացի այդ, կային Եվրամիության դրոշներով մարդիկ, որոնք պետք է մարդկանց ցույց տային ճանապարհ դեպի պայծառ ապագա։ Դա վկայում է գործողությունների նախապես պլանավորված եւ սադրիչ բնույթի մասին»,- պնդում է Բաստրիկինը։

Բաստիրկինին հատկապես անհանգստացրել է այն հանգամանքը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անմիջապես արձագանքել է բողոքի ակցիային եւ հայտարարություն տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով ոստիկանության կիրառած անընդունելի ուժի կապակցությամբ։ Բաստրիկինը իր թերահավատություն է հայտնել հատկապես այն կապակցությամբ, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը ՀՀ ինքնիշխան ղեկավարությունից պահանջել մանրամասն հետաքննել կատարվածը։

«Իսկ ընդհանրապես ԱՄՆ-ն այնքան էր գոհ չէր, որ վերջին հաշվով կոնֆլիկտային իրավիճակը չստացավ այն ավերիչ բնույթը, որը ունեցավ 2014թ. Ուկրաինայում։

Հայաստանում այդ ճգնաժամը չվերածվեց զինված հակամարտության այն պատճառով, որ Ղարաբաղյա հակամարտության դառը փորձից դասեր քաղած ղեկավարությունը ճիշտ եզրակացություններ արեց եւ թույլ չտվեց, որ երկրում ազգայնական, արմատական-կրոնական կամ այլ ծայրահեղական գաղափարախոսությամբ տոգորված զանգվածները գլուխ բարձրացնեն»,- հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը։