Օգոստոսի 23-ին Լոս-Անջելեսի դատարանը շարունակելու է Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյի գործով դատաքննությունը, որին մեղադրում են չկանխամտածված սպանության մեջ: Առաջին լսումները եղել են փետրվարին: Դատավորը չի շտապում, եւ մահից մեկ տարի անց, դեռ պատասխան չկա, թե ինչից է մահացել երգիչը:
Հերթական լսումները կարող են սկանդալային ընթացք ունենալ: Մեղադրող կողմը երեք առանցքային վկա ուներ՝ Ջեքսոնի թիկնապահը, մատակարարողն ու անձնական օգնականը, ովքեր տեսել են, թե ինչպես է բժիշկը դադարեցրել վերակենդանացումը, որպեսզի թաքցնի դեղերը:
Կոնրադի փաստաբանները պատրաստվում են պնդել, որ երգիչն ինքն է ցավազրկող դեղեր խմել, որոնք էլ մահվան պատճառ են դարձել:
Ինքը բժիշկը չի ընդունում մեղադրանքը: Փետրվարի 9-ին կայացած նիստում նա հայտարարել է, թե ցավազրկող դեղերը չէին կարող մահվան պատճառ դառնալ: Դատարանը նրան 75 հազար դոլարի գրավի դիմաց ազատ է արձակել եւ թույլատրել շարունակել բժշկական պրակտիկան:
Դատարանի մեղմ վերաբերմունքը հարուցել է Ջեքսոնի մտերիմների զայրույթը: Մայքլի հայրը՝ Ջո Ջեքսոնը հայտարարել է, թե չի կարող «դատարանի դահլիճում տեղի ունեցածն արդարադատություն անվանել»:
Եթե Մյուրեյի մեղքը հաստատվի, նա դատապարտվելու է մինչեւ չորս տարվա ազատազրկման:



























