Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանության գործողություններից տուժած 24 լրագրողներից վեցը քրգործի հարուցումից երկու ամիս անց դեռ ընդհանրապես չեն հարցաքննվել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ այս ծավալուն քրեական գործը, որը ներառում է նաև տուժած ցուցարարների հետ կապված դեպքերը, վարում է ընդամենը մեկ քննիչ:
«Ակնհայտ է, որ ոչ պատշաճ քննություն է տարվում: Սա վկայում է իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին»,-ասաց Մելիքյանը:
Բանախոսը նշեց նաև, որ լրատվական կայքերից մեկի թղթակցին դեռ չի վերադարձվել կամ փախհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը:
«Չեն ցանկանում փախհատուցել, բայց ոստիկանության կողմից առաջարկվել է վրովմունք հարուցող գործարք: Նրանք առաջարկել են, որ կտրամադրեն այդ սարքը այն դեպքում, երբ լրագրողը իր բողոքը հետ վերցնի»,-հավելեց Աշոտ Մելիքյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և մի շարք այլ լրագրողական-հասրակական կազմակերպություններ ՀՀ քննչական ծառայությունից պահանջում են կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ և օբյեկտիվօրեն քննելու այս քրգործը:





























