Բրիտանական բանակի ռազմական նվագախումբը համերգներ կտա Երեւանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ Նիք Ուիլքսը պատմել է միջոցառման մանրամասների մասին։

Բրիտանական բանակի ռազմական նվագախումբը Հայաստանում ելույթ կունենա այս շաբաթվա վերջում եւ եկող շաբաթվա սկբում։ Մանրամասն կպատմե՞ք համերգների մասին։ Ու՞մ նախաձեռնությամբ են դրանք կազմակերպվում։

Ես հուզված եմ Երեւանում սպասվելիք համերգների կապակցությամբ։ Նվագախումբը ելույթ կունենա Կասկադում սեպտեմբերի 13-ին, իսկ ամսի14-ին այն կայցելի Սպենդիարյանի եւ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցները։ Սեպտեմբերի 15-ին երաժիշտները ելույթ կունենան Ազատության հրապարակում, իսկ ամսի 16-ին պլանավորված է գլխավոր իրադարձությունը՝ համատեղ ելույթ ՀՀ ՊՆ նվագախմբի հետ։ Բոլոր ելույթներն անվճար են, մենք սպասում ենք մեծ թվով հանդիսատների։

Մենք փորձում ենք զարգացնել մշակութային եւ տնտեսական կապերը։ Ես կարծում եմ, որ մեր նվագախմբերից մեկը Հայաստան բերելը լավ հնարավորություն կդառնա պաշտպանության եւ մշակույթի ոլորտներում հարաբերությունների զարգացման համար։ Երաժիշտները կցուցադրեն քայլերթի հմտություններ, ընդ որում՝ նրանք դա անում են բավական արագ։ Ներկայացումը ավանդական է, սակայն երաժշտությունը միշտ ընտրվում է հատուկ այս կամ այն առիթի համար։

Սա ավանդական նվագախումբ է՝ իր պատմությա՞մբ։

Այո, իհարկե։ Նվագախումբը «Rifles» անունով գնդի մասն է, որը արդեն 200 տարվա պատմություն ունի։ Իրականում նվագախումբը կոչվում է Սալամանկի նվագախումբ։ Բրիտանական բանակում ընդունված է պահպանել տարիներ շարունակ գոյություն ունեցող ավանդույթներն ու սովորույթները։ Մենք պահպանում ենք նաեւ մեր ավանդական ռազմական համազգեստը։ Համերգների կազմակերպումը մի մասն է Մեծ Բրիտանիայի այն նախաձեռնության, որը նպատակ ունի մեր բանակի տարրերը ներգրավել աշխարհի տարբեր կետերում մեր դեսպանատների աջակցության գործին։ Այսպիսով՝ այդ նախաձեռնությունը ինձ կօգնի իմ առաքելության մեջ։

Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական նախագծերի, ինչպես նաեւ այն մասին, թե ռազմական կցորդն ինչով է զբաղվում Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում, քիչ բան է հայտնի։ Ի՞նչ ծրագրեր կան այդ ոլորտում։

Որպես ռազմական կցորդ՝ իմ հիմնական դերը  Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի պաշտպանության ոլորտների միջեւ համագործակցության զարգացումն է եւ ՀՀ զինված ուժերին Բրիտանիայում մարզումների մասնակցելու հնարավորություն առաջարկելը։

Օրինակ՝ այս տարի Թագավորական ռազմական ակադեմիայում սովորելու է մեկնելու 2 հայ՝ մեկ երիտասարդ եւ մեկ աղջիկ, Հայաստանի պատմության մեջ առաջին հայ կադետ-աղջիկը։ Մենք Բրիտանիայի Խորհրդի հետ համատեղ նաեւ անգլերեն սովորելու հնարավորություն ենք տալիս։ Մենք նաեւ համագործակցում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ի հետ։ Մի խումբ հայ մասնագետներ կմեկնեն Բրիտանիա՝ մեր արտակարգ իրավիճակների ծառայությունն ուսումնասիրելու համար։ Երկու երկրներն էլ միմյանցից սովորելու բան ունեն։

Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է։ Մեծ Բրիտանիան մտահոգություն հայտնե՞լ է վերջին իրադարձությունների կապակցությամբ։

Մեծ Բրիտանիան իհարկե անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, բայց մտահոգվում է նաեւ աշխարհի այլ կետերում տիրող իրավիճակներով։ Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն դիվանագիտական լուծում գտնելու որոնումները, քանի որ վերջին բանը, որն ինչ-որ մեկը ցանկանում է, մեծամասշտաբ պատերազմական գործողությունների դիմելն է։ Մեծ Բրիտանիան կողմերին կոչ է անում հավատարիմ մնա երկխոսությանը եւ փորձել դիվանագիտական լուծում գտնել։ Մենք շարունակում ենք վստահել Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին։

Դուք ներկայացնում եք Մեծ Բրիտանիան Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Ո՞րն է այս երկրներում Ձեր աշխատանքի առանձնահատկությունը։

Որպես ռազմական կցորդ՝ իմ առաքելությունն է 3 երկրներից յուրաքանչյուրում պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագրեր անցկացնել։ Բոլոր երեք երկրներում այդ ծրագրերը տարբեր են, քանի որ ամեն երկիր իր առաջնայնություններն ունի։ Օրինակ՝ Հայաստանում ես մեծ ուշադրություն եմ հատկացնում անգլերենի ուսուցմանը, ՆԱՏՕ-ի հետ հնարավոր համագործակցությանը, որպեսզի Հայաստանը կարողանա լրացուցիչ զորքեր ապահովել աշխարհում խաղաղության պահպանման մեր ընդհանուր շահերի համար։ Երեք երկրները շատ են տարբերվում մեկը մյուսից, բայց այն, ինչ ես փորձում եմ այստեղ անել, այն է՝ օգնել եւ զարգացնել ինչով կարող ենք, նպաստել Հայաստանի Զինված ուժերի հնարավորությունների եւ հմտությունների զարգացմանը։

Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, իր ներդրումը կատարու՞մ է ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում։ Ի՞նչ եք կարծում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին։ Ի՞նչ կարող է մեր երկիրը տալ դաշինքին։

Գլխավորը, ինչ պետք է ասեմ, Հայաստանին շնորհակալություն հայտնելն է, քանի որ վերջինս ՆԱՏՕ-ի համար հիանալի գործընկեր է։ Հայաստանը ուժեր է տրամադրում Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում ՆԱՏՕ-ի ISAF առաքելության համար։ Դա շատ կարեւոր է։ Մենք Հայաստանին կոչ ենք անում շարունակել նույն տեմպով, եւ մենք մեր հերթին շարունակում ենք Հայաստանի հետ ֆանտաստիկ հարաբերություններ պահպանել՝ որպես ՆԱՏՕ-ի անգնահատելի գործընկերոջ։

Զրուցեց Աննա Ղազարյանը