Գիտությունը մշակույթի տարր է, ու դրան հենց այդպես է պետք վերաբերվել: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս գիտնական, Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսեյ Իսաեւը:
«Կա բավականին տարածված տեսակետ, որ գիտությունը պետք է հասարակությանը բերի օգուտ՝ գաջետների, զանազան էլեկտրակայանների եւ այլնի տեսքով: Բայց պետք է հստակ հասկանալ, որ գիտությանը նման ուտիլիտար/սպառողական/ ձեւով վերաբերվելու դեպքում, այն ոչ մի օգուտ չի բերի: Իսկ եթե դրան վերաբերվում ենք որպես մշակույթի բաղկացուցչի, ապա որքան էլ տարօրինակ չթվա, այն սկսում է օգուտներ տալ: Այսինքն պետք չէ գիտությունից վայրկենական օգուտ պահանջել »,- ասաց նա:
Ալեքսեյ Իսաեւի խոսքով, պետք է իմանալ գիտության զարգացման պատմությունը: Մասնավորապես 1930 ականների կեսերին Խորհրդային միությունում անվայել էր համարվում միջուկային ֆիզիկայով զբաղվելը: Պետք էր պողպատ եփել ու ածուխ արդյունահանել: «Երբ Լենինգրադի խորհրդից ստուգողներ էին գալիս ռադիոինստիտուտ, Կուրչատովը լաբորատորիայի վրա փակցնում էր ցուցանակ՝ «Պահեստ » գրությամբ, որպեսզի այնտեղ չմտնեն: Իսկ 10 տարի հետո ամերիկացիները ռումբ ստեղծեցին»,- հիշեցրեց նա պատմությունը՝ հավելելով, որ սա վառ օրինակ է, որ գիտությանը պետք է վերաբերվել հենց որպես գիտության՝ առանց որեւէ ավելորդ կիրառությունների:





























