ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը չի կարելի բացառել, բայց հասկանալի չէ, թե ինչի մասին պետք է խոսեն նախագահները ստեղծված իրավիճակում: Այդ մասին սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ես չեմ պատկերացնում իրական արդյունավետ զրույց նախագահների միջեւ, եթե Ադրբեջանը 2009թ. սկսած դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաջարկներին ՝ փորձելով հարցի լուծումն այլ հարթակներ տեղափոխել»,- շեշտել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով ՝ այս պահին Ադրբեջանը իրականացնում է նույն քաղաքականությունը, որը վարում էր Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումից առաջ: «Այդ ժամանակաշրջանում գրեթե ոչինչ չէր կատարվում սահմանների վրա: Սա ի դեպ ցույց է տալիս, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարի ռեժիմը»,-հիշեցրեց Կիրո Մանոյանը: Ադրբեջանը, շարունակեց նա, ուզում է լսելի դարձնել իր ձայնը, որպեսզի դժգոհություն հայտնի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների կապակցությամբ: «Ադրբեջանում դեռ չեն հասկանում, որ իրենց վարած՝ իրավիճակի ապակայունացման քաղաքականությունը չի բխում հենց իրենց շահերից»,- հավելել է Կիրո Մանոյանը:





























