Ադրբեջանի ԱԳՆ-ն չեղյալ է հայտարարել Եվրոպական հանձնաժողովի այցը Բաքու, որտեղ եկող շաբաթ պետք է կայանային ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի քննարկումները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ վկայակոչելով ԱԳՆ հայտարարությունը։
«Ընդհանուր առմամբ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, որը հակաադրբեջանական եւ հակաիսլամական խիստ միտումներ է ցուցաբերում»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդին հրավիրել էին Ադրբեջանի ԱԳՆ։ Ինչպես ասված է ադրբեջանական ԱԳՆ հայտարարության մեջ, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ Գուլիեւը Մարդին հայտնել էր, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է Եվրահանձնաժողովի ընդունած բանաձեւը։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրահանձնաժողովը Ադրբեջանի դեմ բանաձեւ էր ընդունել, որով քննադատում էր մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոտնահարումները։





























