Վերջին շրջանում զարգացած եվրոպական երկրները պետականորեն լուրջ ուշադրություն են դարձնում կիբեռսպորտի զարգացմանը, սակայն Հայաստանում դեռեւս պետականորեն բավարար ուշադրություն չի հատկացվում այս սպորտաձեւին: Դրա արդյունքում, արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանում անցկացվող համակարգչային խաղերի Հայաստանի բաց առաջնության նախընտրական փուլն անցած մասնակիցները չեն կարողանում լուրջ ձեռքբերումներ ունենալ արտերկրում՝ World Cyber Games համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի գլխավոր եզրափակչում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահ Էդգար Սահակյանը։
«Փառատոնի գլխավոր եզրափակչին դժվար է ակնկալել դրական արդյունքներ, քանի որ Հայաստանում՝ ի տարբերություն հարեւան Ադրբեջանի, այս սպորտաձեւի զարգացմանն ուղղված ջանքերը եւ նմանատիպ մրցույթների կազմակերպումը կատարվում է միայն մասնավոր նախաձեռնություններով»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ առանց պետական աջակցության իրենք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում մրցույթներ կազմակերպելիս՝ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն անցած մասնակիցների ճանապարհածախս եւ կեցության ծախսեր, վիզայի հարցեր եւ այլն։
Սահակյանի խոսքով՝ օրինակ հարեւան Արդբեջանում տեսնելով, որ այս տարի Հայաստանը եւս պատրաստվում է մասնակցել World Cyber Games համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնին, շատ հապճեպ կազմակերպել են այդ փառատոնի նախընտրական փուլը, որպեսզի իրենք նույնպես մասնակցեն դրան:
«Պատկերացրեք, այս տարի այդ երկրից 20 հոգի պետական աջակցությամբ կմասնակցեն փառատոնի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ Հայաստանից փառատոնին հնարավորություն կունենա մասնակցելու հայաստանյան նախընտրական փուլն անցած ընդամենը մեկ մասնակից, այդ էլ այն պարագայում, որ այնտեղ գնալու ճանապարհածախսը հոգում է ինքը՝ նախընտրական փուլն անցած մասնակիցը, իսկ մնացած ծախսերը փորձում ենք լուծել մենք»,- ասաց Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահը։
Տեղեկացնենք, որ օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվում էր Հայաստանի կիբեռսպորտի չորրորդ առաջնությունը, որը միաժամանակ հանդիսանում է միջազգային World Cyber Games համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը։




























