Երեւանում ընթացող ցույցերը մեծ տպավորություն են թողել։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դե Գրոտը։
Նրա ղեկավարած պատվիրակությունը մի քանի օր է անցկացրել Լեռնային Ղարաբաղում, իսկ նրանց վերադարձի օրը Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում ցույցեր են ընթացել։
«Ցուցարարները անցան մեր հյուրանոցի մոտով, եւ մենք՝ որպես պատգամավորներ, չէինք կարող չշփվել նրանց հետ։ Մենք տպավորված ենք նրանց քաղաքացիական ակտիվությամբ»,- հայտարարել է Դե Գրոտը։
Նրա խոսքով՝ դա իհարկե չի նշանակում, որ պատգամավորները պատրաստվում են մեկնաբանել Հայաստանի ներքին գործերը։
«Մենք գիտենք, որ ցույցերն ուղղված են էկեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն մեր կողմից գնահատական տալն իհարկե ճիշտ չի լինի։ Սակայն այն, ինչ մենք տեսանք, ցույց է տալիս, որ Հայաստանը հավատարիմ է ցույցերի ազատության ու ժողովրդավարական արժեքներին»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ոստիկանությունը գիշերվա ցույցերից հետո բացել է Բաղրամյան պողոտան։





























