ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալությունը մոտ ապագայում Հայաստանի տարածքում երկրաշարժ չի կանխատեսում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

«Նախքան Սպիտակի երկրաշարժը մի շարք նախանշաններ են եղել, հիմա մենք ունենք դրանց  պատկերը, ունենք նաեւ Հայաստանում ու ԼՂՀ-ում տեղի ունեցած երկրաշարժերի կատալոգ, ամեն օր մեր տվյալները մշակելիս համեմատում ենք: Այս պահին չկան այնպիսի անոմալիաներ, որոնք կարող են անհանգստություն պատճառել եւ վկայել ուժեղ երկրաշարժի մասին»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:

Հրաչյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանի տարածքում գրացվել է 117 երկրաշարժ, որոնցից միայն 5-ն է եղել 3-5 բալ ուժգնությամբ:

«Սրանք նորմալ թվեր են, անընդհատ տեղի են ունեում բազմաթիվ երկրաշարժեր, մեծ մասը չեն զգացվում մարդկանց կողմից: Դրանք մեր սեյսմիկ կատալոգն են համարվում, որը օգնում է սեյսմիկ ռեժիմի վերլուծության եւ սեյսմիկ վտանգի գնահատման համար»,- ասաց նա: