Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ընդգծելով, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր եղել է եւ շարունակում է մնալ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպական միության եւ նրա բոլոր կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը:
Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ, ինչը վկայում է երկկողմ քաղաքական կամքի եւ հանձնառության մասին։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու լայնածավալ բարեփոխումները, որտեղ մեծ է ԵՄ կողմից տրամադրվող շարունակական աջակցության դերը։ Սերժ Սարգսյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատանքը։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վերաբերյալ ՀՀ նախագահի կարեւոր քաղաքական ուղերձի համար, վստահեցնելով, որ իր թիմի հետ միասին կանի ամեն հնարավորը՝ մինչ այժմ իրականացված աշխատանքի հիման վրա շարունակելու ջանքերը եւ նոր որակի հասցնելու ՀՀ-ԵՄ հարաբերությունները։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպական միության համար կարեւոր գործընկեր է, եւ դա ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը Եվրոպական միության հարեւանության քաղաքականության մեջ է ներգրավված, այլեւ օրգանապես հանդիսանում է եվրոպական ավելի լայն տարածաշրջանի մաս, եւ հայերը հազարամյակների ընթացքում լրջագույն ներդրում են ունեցել Եվրոպայի պատմության, քաղաքակրթության զարգացման մեջ ու կիսում են ընդհանուր արժեքներ։
ՀՀ Նախագահը եւ ԵՄ պատվիրակության ղեկավարը երկուստեք կարեւորել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ նորացման նախաձեռնությունը, որը Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում եւս ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ` կարեւորելով ընդհանուր արժեքներին հավատարմությունն ու բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացը:
































