Օգոստոսի 18-20-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հովանավորությամբ տեղի է ունեցել «Պատանիների աստվածաշնչային դասընթաց»-ի ծրագրի տարեկան վերապատրաստում-կոնֆերանսը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնֆերանսը կազմակերպվել էր Հայաստանի կիրակնօրյա դպրոցներում գործող ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի շրջանակներում:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ ժողովին մասնակցել են Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ ներեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Ժողովին ներկա է եղել նաեւ «Վորլդ վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եկեղեցու եւ պետության հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Կոնֆերանսի ընթացքում հնչել են երեխաների քրիստոնեական դաստիարակության, ինչպես նաեւ դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ ելույթներ:



























