ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Դենվեր քաղաքում «Կոլորադոյի հայերը» (Armenians of Colorado) կազմակերպության ու Հայ Դատի ԱՄՆ Արեւմտյան ափի գրասենյակի համատեղ կազմակերպած «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» (Colorado, We Thank You) խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր Կոլորադո նահանգի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Կոլորադո նահանգի օրենսդիրներ, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Իր ելույթում Ռ. Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականության ձեւավորման պատմական եւ իրավական հիմքերին, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փուլերին:
Արցախի ներկայացուցիչը ընդգծել է Հայրենիքի եւ Սփյուռքի միասնականության կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Կոլորադո նահանգի օրենսդիրներին ու հայկական կազմակերպություններին՝ Արցախի շահերը պաշտպանելու համար:





























