Հայաստանի կանանց հավաքականի առաջատար խաղացողներից Քրիստինե Քեփենեկյանը պայմանագիր է կնքել «Հատիս» բասկետբոլային ակումբի հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող Քեփենեկյանը Հայաստանի հավաքականի կազմում հիանալի ելույթ ունեցավ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։
«Ես շատ լավ ծանոթ եմ Քրիստինեի կարողություններին եւ վստահ եմ, որ նա մեծ օգուտ կտա «Հատիսին»: Հայաստանի հավաքականի կազմում նա շատ արդյունավետ եւ գեղեցիկ խաղ ցուցադրեց Եվրոպայի առաջնության ընթացքում: Նույնը նրանից ակնկալում ենք «Հատիսում» եւ սեպտեմբերին նրան անհամբեր սպասում ենք Հայաստանում »,- Քեփենեկյանի տեղափոխության կապակցությամբ ասել է «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը։
«Հատիսի» խորհրդի անդամ, Սփյուռքի հետ կապերի պատասխանատու Կառլ Բարդակյանը եւս մեծ սպասելիքներ ունի Քրիստինեից. «Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Քեփենեկյանի հաջող խաղը Հայաստանի հավաքականի կազմում մեծ արձագանք գտավ Հայաստանում եւ Սփյուռքում։ Ես ակնկալում եմ, որ Քրիստինեն կշարունակի հաջող ելույթները Երեւանի «Հատիսում»»։
Եվրոպայի առաջնությունում Քեփենեկյանը բավական արդյունավետ խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի կազմում եւ ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
Քրիստինեի տեղափոխության մասին իր կարծիքն է հայտնել նաեւ նրա նախկին ակումբի՝ «Բակերսֆիլդի» գլխավոր մարզիչ Տիմ Լա Կոսը. «Քրիստինեն կարող է արդյունքի հասնել ոչ միայն սպորտում, այլեւ ցանկացած ծրագրում, որը պահանջում է աշխատասիրություն եւ նվիրվածություն։ Նա հասավ իր նպատակին եւ պայմանագրի կնքումը մեծ իրադարձություն է Քեփենեկյանի եւ նրա ընտանիքի անդամների համար»։
Քեփենեկյանը Երեւան կժամանակի սեպտեմբերի 7-ին, իսկ 3 օր անց կսկսի «Հատիսի» կազմում նախապատրաստվել հոկտեմբերի 28-ին մեկնարկող Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկությանը։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցներն են լինելու ռուսական «Դինամոն» (Նովոսիբիրսկ) եւ Իսրայելը ներկայացնող «Ռամլյան», տեղեկացնում է «Հատիս» բասկետբոլային ակումբի պաշտոնական կայքը:



























