Եթե 2009 թվականի հուվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել շուրջ 207 հազար զբոսաշրջիկ, ապա 2010-ին այդ թիվը հասել է 230-ի: Զբոսաշրջության խնդիրներին նվիրված ասուլիսում եւ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը եւ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նշեցին, որ թեեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակի աճ կա, բայց դա անբավարար է, եւ կապված է մատուցվող ծառայությունների քանակի ու որակի հետ:
«Քանի որ մեզ մոտ ծառայությունները չեն մատուցվում այնպես, ինչպես հարկն է, չկան մարդիկ, որոնք խելացի լինեն, կրթված լինեն, մասնագետներ լինեն: Այս դեպքում գնագոյացումը այլ կերպ կլինի: Պետք չէ քնելու համար այդքան թանկ վերցնել, այլ պետք է ծառայությունների քանակությունը ավելացնել, նոր ծառայություններ բերել, եւ մարդիկ պատրաստ կլինեն այդ ծառայությունների համար վճարել», - ասաց Մինասյանը:
Բեկոր Փափազյանը նույն խնդրին անդրադառնալով ասաց. «Հայաստանում բարձր գների հիմնական պատճառներից մեկը պահանջարկի պակասն է: Այսինքն, եթե արտասահմանցի վճարունակ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում կտրուկ աճի, այդ պարագայում ե'ւ հյուրանոցների թիվը կավելանա, ե'ւ մրցակցությունը ավելի բուռն կլինի, ե'ւ արդեն բիզնեսմեն հյուրանոցատերը կարող է իրեն թույլ տալ գնալ ավելի էժան քաղաքականության եւ աշխատել, ասենք, խոշոր քանակի, մասշտաբի վրա»:
Համեմատություն անցկացնելով Վրաստանի ու Հայաստանի միջեւ նա ասաց. «Իրենց մոտ շատ մեծ ծավալ կա տուրիստների, հետեւաբար կարողանում են մրցունակ գներ առաջարկել: Այդ մրցունակ գները նաեւ Հայաստանի քաղաքացու համար մատչելի են, եւ ունեն մեծ թվով հայաստանցի տուրիստներ: Իսկ մենք Հայաստանում ուզում ենք միայն տեղական տուրիզմի վրա կառուցել այդ շուկան, եւ դա բավարար չէ: Այսինքն, բավարար չէ, որ միայն հայաստանցի, ներքին տուրիստների համար էժան պայմաններ սարքենք, որպեսզի այդ ինդուստրիան աշխատի: Պետք է անպայմանորեն հիմնվել ներգնա տուրիզմի վրա Եվրոպայից` Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ այլն, որի արդյունքում գները կէժանանան ու նաեւ քաղաքացու համար մատչելի կլինեն»:
Ռոբերտ Մինասյանն անդադարձավ նաեւ գովազդի խնդրին, նշելով, որ Հայաստանում տուրիստական բիզնեսը կաղում է գովազդի ոլորտում։ «Տուրիզմը գումար է վաստակում։ Այսօր, ես պաշտոնապես ասում եմ, անհրաժեշտ է տուրիզմը լրիվ բերել հարկային դաշտ՝ հյուրանոց կլինի, ներքին տուրիզմ կլինի, որ մենք կարողանանք պետության հետ խոսել, պետությունն էլ մեզ հետ հաշվի նստի։ Այսօր մենք չենք կարողանում ասել՝ 50 մլն դոլար բյուջե ենք բերել, հարգելի՛ պետություն, 10 մլն-ը տուր՝ գովազդ անենք»,-նշեց Ռ. Մինասյանը։




























