Volkswagen ընկերությունը խոստովանել է, որ մոտ 11 մլն մեքենա է թողարկել ողջ աշխարհում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Journal-ը:
Ընկերությունը պատրաստվում է 6,5 մլրդ դոլար ծախսել թերությունը վերացնելու համար եւ դեռեւս հույս ունի «վերականգնել իր հաճախորդների սասանված վստահությունը»:
Volkswagen-ի ներկայացուցիչները պնդում են, որ ընկերությունը «ջանադրաբար աշխատում է թերությունները վերացնելու ուղղությամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ Volkswagen ընկերությանը մեղադրում են արտանետումների քանակության մասին տվյալները միտումնավոր թաքցնելու մեջ:
Ըստ Automotive News-ի, ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) պարզել է, որ արտադրողը կանխամտածված նվազեցրել է 2.0 լիտր ծավալով TDI դիզելային շարժիչով ավտոմեքենաների վնասակար արտանետումների մասին ցուցանիշները:
Volkswagen-ը հատուկ ծրագրային ապահովում է օգտագործել՝ էկոլոգիական թեստերի ժամանակ CO2-ի արտանետումների մասին տվյալները թաքցնելու համար: Դրա հետեւանքով մեքենաներն անցել են սերտիֆիկացումը, մինչդեռ դրանց արտանետումների քանակությունն ընդունված նորման գերազանցում է 40 անգամ:
Այսպիսով, ընկերությանը յուրաքանչյուր ավտոմեքենայի համար մինչեւ 37.500 դոլարի տուգանք է սպառնում, ընդհանուր առմամբ՝ շուրջ 18 մլրդ դոլար: Մեղադրանքներն առնչվում են 482 հազար ավտոմեքենարի՝ Volkswagen-ի Jetta, Beetle, Golf, Passat մոդելներին եւ Audi A3-ին:





























