Volkswagen ավտոկոնցեռնին վերաբերող աղմկահարույց պատմությունից հետո Եվրոպական միությունը պետք է սեփական հետաքննություն սկսի ընկերության նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Միշել Սապենը ՝ Europe1 ռադիոկայանի եթերում:

«Ամենայն հավանականությամբ հետաքննությունը պետք է իրականացվի համաեվրոպական մակարդակով»,- ասել է նա:

Սապենը նաեւ անհրաժեշտ է համարում ստուգել բոլոր մյուս ավտոարտադրողներին,  համոզվել, որ Եվրոպա մատակարարած նրանց ավտոմեքենաները համապատասխանում են բնապահպանական նորմերին եւ «հանգստացնեն սպառողներին», հայտնում է Gazeta-ն:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն էին սկսել Volkswagen կոնցեռնի նկատմամբ այն բանից հետո, երբ այդ արտադրողի ավտոմեքենաներում հայտնաբերել էին սարքավորում, որը ցածր է ցույց տալիս մթնոլորտային վնասակար արտանետումների իրական ցուցանիշները: Ընկերությունը խոստովանել է, որ այդ մակնիշի մոտավորապես 11 մլն ավտոմեքենա, որոնք վաճառվել են աշխարհի տարբեր երկրներում, կարող են հագեցած լինել շեղումներով աշխատող սարքավորումով: