Սահմանադրության նոր նախագծի ընդունումից հետո 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը դառնալու է 100-տոկոսանոց մեծամասնական: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
«Կա որոշակի տեղեկատվություն, որ Սահմանադրության ընդունումից հետո Ընտրական օրենսգրքում հենց այդպիսի փոփոխություն է արվելու: Ընտրական ցուցակները լինելու են ռեյտինգային: Սա ի՞նչ է նշանակում, բերեմ օրինակ. ՀՀԿ-ն դնելու է իր թեկնածուներին, եւ Սյունիքի մարզպետը շատ լավ աշխատելու է, որ Սյունիքի մարզն ընտրի ոչ միայն կուսակցությանը, այլեւ իրեն, որպեսզի ինքն այդ ցուցակով բարձրանա վերեւ: Այսպես է լինելու նաեւ մյուս մարզերում, այսպես են աշխատելու մյուս հարուստները: Հետեւաբար, այդ ցուցակները դառնալու են մեծամասնական»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրության նոր նախագծի լավ դրույթների մասին վաղ է խոսելը, քանի որ հայտնի չէ՝ ինչ օրենսդրական փոփոխություններ կլինեն դրանից հետո:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն հոկտեմբերի սկզբին կդրվի քննարկման Ազգային ժողովում:





























