Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ Սահմանադրության նոր նախագծի 2-րդ գլուխը՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին, պետք է հանվի նախագծից:
«Առաջարկված փոփոխությունների արդյունքում մարդու իրավունքներն էապես նվազեցվելու են: Այդ պատճառով այս գլուխը չպետք է Սահմանադրություն անցնի, քանի որ կրճատվում են քաղաքացիների իրավունքները»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկման ժամանակ ասաց փաստաբանը:
Նա նաեւ առաջարկեց սահմանադրության տարբեր գլուխներն առանձին դնել քվեարկության, քանի որ քաղաքացին կարող է կողմ լինել խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն դեմ լինել սեփականության հարցում արվող փոփոխություններին:
Նշենք, որ հանրային քննարկմանը հրավիրվել էին նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, սակայն ոչ ոք չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն հոկտեմբերի սկզբին կդրվի քննարկման Ազգային ժողովում:





























